ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Նավթի գները 13%-ով աճել են այն մտավախությունների ֆոնին, որ հակամարտությունը կարող է սահմանափակել մատակարարումները։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Մոսկվայի ժամանակով 5:42-ին բարձրացել է 13.18%-ով՝ հասնելով մինչև 78.5 դոլարի։ «Brent» տեսակի նավթի գինը 2025 թվականի հունվարի 24-ից ի վեր առաջին անգամ է գերազանցել այս ցուցանիշը։ Այնուհետև աճը դանդաղել է։ Մոսկվայի ժամանակով ժամը9:50-ին նավթի գինն աճում է 6.69%-ով և վաճառվում մեկ բարելի դիմաց 74 դոլարով։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։ Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։