ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Մինչև Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարներին հարվածելն Իսրայելը խաբեությամբ ստիպել է հավաքվել նրանց: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցչին, որի անունը չի հրապարակվում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 20 իրանցի հրամանատարների զոհվելու մասին: Իրանական լրատվամիջոցները պնդում էին, որ զոհվածների թվում է ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր-Ալի Հաջիզադեն:
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ իսրայելական կողմը տեղեկություններ է հավաքել իրանցի բարձրաստիճան զինվորականների մասին, իսկ հետո այդ տվյալներն օգտագործել է նրանց հանդիպումը կազմակերպելու համար:
«Մենք գիտեինք, թե ինչպես ստիպել նրանց հավաքվել, և, որ ավելի կարևոր է՝ ինչպես նրանց այդտեղ պահել», - ասել է աղբյուրը հեռուստաալիքին:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։