ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելի հարվածները վնաս են հասցրել Նաթանզում իրանական միջուկային օբյեկտին, արտահոսքեր, ռադիոակտիվ կամ քիմիական աղտոտում չի գրանցվել։ Այս մասին ասվում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ։
«Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը տեղեկացնում է, որ Նաթանզում ուրանի հարստացման գործարանի վրա հարձակման ժամանակ օբյեկտի որոշ հատվածներ վնասվել են։ Վնասը դեռ պետք է գնահատվի... Վերլուծությունը ցույց է տվել, որ օբյեկտի տարածքից որևէ ռադիոակտիվ կամ քիմիական աղտոտվածություն կամ արտահոսքեր չեն եղել», – ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունից նաև հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով օբյեկտում գտնվողների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակներում ՌՕՈւ–ն, ՑԱԽԱԼ–ի պնդմամբ, հարվածել է Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է «կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում «անդառնալի կետի է մոտեցել»։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։ Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։