Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել

ՄԱԿ–ի ԱԽ նիստ. Արխիվային լուսանկար
Այս գիշեր Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Հարձակման հետևանքով որոշ բարձրաստիճան իրանցի զինվորականներ և միջուկային ֆիզիկոսներ են սպանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ, հաղորդում է IRNA գործակալությունը։
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի շրջանակներում ՌՕՈւ–ն, ՑԱԽԱԼ–ի պնդմամբ, հարվածել է Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է «կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում «անդառնալի կետի է մոտեցել»։
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ սպանվել են իրանցի որոշ բարձրաստիճան զինվորականներ և մի շարք միջուկային գիտնականներ։ Մասնավորապես, հարվածներ են հասցվել Նաթանզի միջուկային օբյեկտին և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող իրանական զինվորականների տեղակայման վայրերին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասում։
Թրամփը նախապես գիտեր Իրանին Իսրայելի հարվածների մասին, բայց ԱՄՆ-ն չի մասնակցել. Fox News