ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուրբաթ օրը Իրանի պաշտպանության նախկին նախարար Ամիր Խաթամիին նշանակել է Իրանի բանակի հրամանատարի պաշտոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է իրանական IRIB պետական հեռուստատեսությունը:
Նախկինում բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Աբդուլռահիմ Մուսավին։ Նա նշանակվել է այսօր առավոտյան Իրանին Իսրայելի հարվածի ժամանակ զոհված Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի պաշտոնում:
«Գեներալ-մայոր Ամիր Խաթամի՛, հաշվի առնելով Ձեր նվիրվածությունը, կոմպետենտությունն ու գործնական հմտությունը, սույնով Ձեզ նշանակում եմ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի բանակի հրամանատար»,- Խամենեիի հրամանագիրն է մեջբերում պետական հեռուստատեսությունը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։