Իրանի նախագահը Իսրայելի հարձակումն անվանել է «հիմար» և պատասխան խոստացել

ԻԻՀ նախագահը հասարակությանը կոչ է արել անտեսել «հոգեբանական պատերազմը և թշնամու կողմից տարածվող լուրերը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսրայելի հարձակումը Իսլամական Հանրապետության վրա անվանել է «հիմար» և պատասխան խոստացել։
«Իհարկե, Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռելու ի պատասխան այս հանցագործության և կտան օրինական և հզոր պատասխան, որը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար քայլի համար»,-ասվում է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա հասարակությանը կոչ է արել անտեսել «հոգեբանական պատերազմը և թշնամու կողմից տարածվող լուրերը»:
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի ընթացքում օդուժը, ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին:
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունն ուղղված է «հրեական պետության գոյության սպառնալիքի կանխմանը, քանի որ, ըստ իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենքի ստեղծման «անդառնալի կետին»»:
Թեհրանին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է վեց միջուկային ֆիզիկոս, որոնց թվում են Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի հարվածներն անվանել է հանցագործություն: Նա հայտարարել է, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր»է սպասվում։
Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել։