ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իրանի ու Իսրայելի հակամարտության ֆոնին որաշ միջազգային չվերթների հարկադիր վայրէջքի արդյունքում` ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել Բաքվի օդանավակայանում։ Նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներն էլ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք»,– նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը` խնդրելով ամեն ինչ անել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։