ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի հետախուզության կողմից Իսրայելի միջուկային արդյունաբերության վերաբերյալ հայթայթած փաստաթղթերի առաջին մասը։ Այս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լիովին համագործակցել է Իսրայելի ռեժիմի հետ Իրանի դեմ և հետևել է Սիոնիստական ռեժիմի բոլոր հրահանգներին:
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի հետախուզության կողմից Իսրայելի միջուկային արդյունաբերության վերաբերյալ հայթայթած փաստաթղթերի առաջին մասը
© Photo
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանին հաջողվել է գաղտնի փաստաթղթեր ձեռք բերել Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Հունիսի 8-ին Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Իսմայիլ Խատիբը փաստաթղթերն անվանել է «հետախուզական տեղեկատվության գանձարան»: Նրա խոսքով` ստացված տվյալները կօգնեն ուժեղացնել երկրի հարձակողական ներուժը։
Իրանական հետախուզությունը հայտնել է, որ փաստաթղթերի մի մասը կապված է Իսրայելի ռազմական և հրթիռային ծրագրերի հետ։
Նշվում է, որ Թեհրանը տեղեկություններ է ստացել Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի, ինչպես նաև ներկա և ապագա ծրագրերի մասին, տվյալ նախագծերին մասնակցող գիտնականների մասին։ Թեհրանը նախատեսում է գաղտնի տվյալներ փոխանցել դաշնակիցներին և հակաիսրայելական խմբերին։