Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի տանիքին

Ուղևորատար ինքնաթիռը կործանվել է Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների համար նախատեսված հանրակացարանի տանիքին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «ANI» գործակալությանը:

«Մենք տեղեկացանք, որ ուղևորատար ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի տանիքին։ Երկու-երեք րոպեում ժամանել են ոստիկանությունը և մյուս բոլոր ծառայությունները: Փրկարարական գործողությունը շարունակվում է, տարածքի 70-80 տոկոսն արդեն մաքրվել է», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին։

Հիշեցնենք` «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:
Այս պահին հայտնի է 133 զոհի մասին։