ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Լոնդոն թռչող Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Այս մասին տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է «Ասսոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
«Ըստ ամենայնի, ավիավթարից փրկվածներ չկան», - հայտնել է ոստիկանության պաշտոնյան:
Նա հավել է՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռն ընկել է գրասենյակներ ունեցող բնակելի տարածքում, հնարավոր է, որ զոհվել են նաև որոշ տեղացիներ: Զոհերի թիվը ճշտվում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա:
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ «Air India» ընկերության տվյալներով՝ 169-ը Հնդկաստանի քաղաքացիներ էին, 53-ը՝ Մեծ Բրիտանիայի, 7-ը՝ Պորտուգալիայի, 1-ը՝ Կանադայի:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի կարգավորող DGCA-ն հայտնել է, որ օդաչուները թռիչքից անմիջապես հետո աղետի ազդանշան են տվել կարգավորող ծառայությանը:
Գուջարաթ նահանգում Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռի կործանումը դարձել է այդ կարգի օդանավերի վթարի առաջին դեպքը, որի հետևանքով մարդիկ են զոհվել, գրում է ավիացիոն պատահարներն ուսումնասիրող Aviation Safety Network պորտալը: