ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև բնակարաններ կից մուտքից։ Պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 4–ի, տուժածներինը` 11-ի: Եվս 2 մարդու դեռ որոնում են փլատակներում։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ավդալյանը նշել է, որ պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:
«Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից»,– նշել է Ավդալյանը։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել է համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ 11 տուժած քաղաքացիներից երեքը կտեղափոխվեն Երևանի բուժկենտրոններ, տուժածների վիճակը գնահատվում է միջին և բավարար:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ մարզպետարանը աշխատանքներ է տանում գույքի գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում բոլորին կկարողանան տեղավորել։