Ճամբարակի պայթյունից մահացածները կանայք են, տուժածների թիվն ավելացել է. մանրամասներ

Ներկա պահին շարունակվում են ևս երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները: Շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ճամբարակի բնակելի շենքում գազի պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, տուժածներինը` 11-ի:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ նրանցից երեքը կտեղափոխվեն Երևանի բուժկենտրոններ, տուժածների վիճակը գնահատվում է միջին և բավարար:
Ճամբարակի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը դարձել է 2. ևս 3 մարդու դեռ չեն գտել
ՀՀ ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել երրորդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքի պատճառով:
«Շենքը 44 բնակարան ունի, որոնցից 33-ը համարվում են բնակելի: Հաստատվել է երեք մահ, ևս երկու քաղաքացիների որոնումները շարունակվում են», – ասել է Ցուցուլյանը:
Նրա խոսքով՝ շենքի մի մասը` 4-րդ հարկից մինչև առաջին հարկ, փլուզվել է:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ անձամբ էր ճանաչում բոլոր զոհերին. նրանք 1937, 1949 և 1935 թվականներին ծնված կանայք են։ Սարգսյանը նշեց նաև, որ տուժածների թվում չորս անչափահաս կա։
«Մարզպետարանն աշխատանքներ է տանում գույքի գնահատման ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում բոլորին կկարողանանք տեղավորել», – ասել է նա։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև բնակարաններ կից մուտքից։
Ճամբարակում հրդեհից տուժած 9 մարդ հոսպիտալացվել է. ՀՀ առողջապահության նախարարություն