ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը մտադիր են սերտորեն համագործակցել ամերիկյան ապրանքների հասանելիությունը չինական շուկայում ընդլայնելու համար: Նա այդ մասին հայտնել է «Truth Social» սոցցանցում։
«Մենք Չինաստանի նախագահ Սիի (Ծինփին) հետ պատրաստվում ենք սերտորեն համագործակցել, որպեսզի Չինաստանը բացենք ամերիկյան առևտրի համար։ Դա մեծ հաղթանակ կլինի երկու երկրների համար»,- գրել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագիրը պատրաստ է։ Պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ն չինական ապրանքների համար մաքսատուրքերի մի քանի մակարդակ կպահպանի. 10 տոկոս՝ բազային դրույքաչափ, 20 տոկոս՝ ֆենտանիլի մաքսանենգության դեմ Պեկինի ոչ բավարար պայքարի համար, 25 տոկոս՝ 2025 թվականից գործող մաքսատուրքերը: ՉԺՀ-ն ի պատասխան 10–տոկոսանոց սակագին կսահմանի ամերիկյան արտադրանքի համար։
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտնել է, որ հունիսի 9-10-ը Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում կողմերը առաջընթաց են գրանցել առևտրատնտեսական հարցերի կարգավորման հարցում: Ներկայացուցիչները պայմանավորվել են ամրագրել մայիսին Ժնևում կայացած խորհրդակցությունների արդյունքները և իրագործել երկու երկրների ղեկավարների հունիսի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Լոնդոնի բանակցություններում չինական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Հե Լիֆենը։ ԱՄՆ-ն ներկայացրել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լատնիկը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը: Առևտրային երկխոսությունը հիմնված է մայիսին Ժնևում կայացած հանդիպման ընթացքում ստեղծված մեխանիզմի վրա։ Այն ժամանակ երկրները պայմանավորվել էին մասնակի նվազեցնել փոխադարձ տուրքերը, որոնք այդ պահին գերազանցում էին 100 տոկոսը։