Պայթյուն Ճամբարակում. նախնական տվյալներով՝ կան տուժածներ և մեկ զոհ

Շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Քիչ առաջ՝ ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Կա 1 զոհ․ Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։