ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր վերջին հայտարարությունների մի մասը «չափազանց հեռու են գնացել»։
«Զղջում եմ նախագահ Դոնալդ Թրամփի մասին նախորդ շաբաթ արված իմ որոշ գրառումների համար։ Դրանք չափազանց հեռու են գնացել», – գրել է Մասկը X սոցցանցում։
Ավելի վաղ նա հեգնանքով մեկնաբանել էր իր գործողությունները՝ նշելով, որ ոչ ոք այնքան չի փչացնում իր հեղինակությունը, որքան ինքն անձամբ։
Մասկի և Թրամփի միջև կոնֆլիկտը սրվել է դաշնային ծախսերի լայնածավալ կրճատումների մասին օրինագծի քննարկումների ֆոնին, որը Մասկն անվանել է «զզվելի գարշանք» և կոչ է արել «սպանել»։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է ձեռնարկատիրոջից, քանի որ «շատ բան է արել նրա համար»։
Իր հերթին, Մասկը հայտարարել է, որ հենց իր աջակցությունն է օգնել Թրամփին հաղթել ընտրություններում և ապահովել հանրապետականների վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։