ՀՀ–ում շուտով երկու փոքր ջրամբարների կառուցման մրցույթ կհայտարարվի. Խուդաթյան

Նախարարը նշեց, որ այս ջրամբարների նախագծերն ու տեխնիկատնտեսական հիմնավորումները կազմվել են անցյալ տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը շուտով երկու փոքր ջրամբարների կառուցման մրցույթ կհայտարարի՝ մեկը Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտ, մյուսը` Արագածոտնի մարզի Քասախ գետի վրա: Այս մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով` անցյալ տարի այդ ջրամբարների համար կազմվել են նախագծեր և տեխնիկատնտեսական հիմնավորումներ։
ՀՀ–ում պետական նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում կարվի
Նա ընդգծեց, որ ևս երեք փոքր ջրամբարների (Գեղարքունիքի մարզում` Աստղաձոր և Լիճք, Շիրակի մարզում` Արթիկ) նախագծային փաստաթղթերը դեռ կազմվում են։
Խոսելով խոշոր ջրամբարների մասին՝ Խուդաթյանը նշեց, որ Արարատի մարզի Վեդու ջրամբարում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, բայց այն դեռ շահագործման չի հանձնվել:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզի Կապսի ջրամբարի կառուցմանը, ապա կապալառուն, Խուդաթյանի խոսքով, ուշացնում է աշխատանքները, և նախարարությունը դիտարկում է նրա հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը:
Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտին հասցնելու համար ապրիլի 21-ին պայմանագիր կկնքվի