ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Այսօր Երևանում բռնության է ենթարկվել 31 համարի ավտոբուսի վարորդը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ վարորդը բռնության է ենթարկվել 2 անձանց կողմից։
«Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել»,- գրել է Կոստանյանը։
Նա նշել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Քաղաքապետարանն ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Նշենք, որ այս տարի արդեն մի քանի դեպք է գրանցվել, երբ ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել։ Վերջին դեպքը մոտ մեկ ամիս առաջ էր՝ ապրիլի 23-ին, երբ 38 համարի ավտոբուսի վարորդին վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդ։
2025–ի փետրվարին էլ 97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վեճ էր սկսվել այն բանից հետո, երբ վարորդը հորդորել էր վճարել ուղեվարձը։