Գերմանիայում առգրավել են «Ռոսիա սեգոդնյա»-ի գրասենյակի ղեկավարի կնոջ և դստեր անձնագրերը

Մարիա Զախարովան և Դմիտրի Կիսելյովն արձագանքել են գերմանական ոստիկանության գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Գերմանիայի ոստիկանությունը առգրավել է ԳԴՀ-ում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Ֆեոկտիստովի կնոջ և 7 տարեկան դստեր անձնագրերը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սերգեյ Ֆեոկտիստովը։
Ֆեոկտիստովին անցյալ ուրբաթ Բեռլինի օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել երկիր, թեև Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ նրան կարգադրել էին լքել Գերմանիան մինչև օգոստոսի 19-ը (փաստացի նա մինչև օգոստոսի 19-ը երկրում գտնվելու իրավունք ուներ. խմբ):
«Ոստիկանները եկել են այն բնակարան, որտեղ ես ապրում էի ընտանիքիս հետ և որտեղ մինչ օրս ապրում են կինս և 7-ամյա դուստրս, և առգրավել անձնագրերը։ Այն պատրվակով, թե իբր նրանք կարող են թաքնվել և չկատարել Գերմանիան մինչև օգոստոսի 19-ը լքելու հրամանը»,-ասել է Ֆեոկտիստովը։
Նա հիշեցրել է, որ նույնատիպ դեպքերում այլ ռուս լրագրողների անձնագրերը չեն առգրավվել։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բեռլինում «Ռոսիա սեգոդնյա»-ի գրասենյակի ղեկավարի կնոջ և դստեր անձնագրերի առգրավումը ռեպրեսիվ բնույթի գործողություններ է անվանել:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն օրենքի շրջանակում կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին:
«Պատասխան միջոցներ կձեռնարկենք գերմանացի լրագրողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության մեջ միշտ աջակցություն են ստացել ռուսական կողմից»,- ասել է Զախարովան՝ հստակեցնելով, որ միջոցառումները կլինեն Ռուսաստանի օրենսդրության և «ռուսական հյուրընկալության» շրջանակներում:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ գերմանական ոստիկանության կողմից Ֆեոկտիստովի կնոջ և դստեր անձնագրերի առգրավումը վկայում է այն մասին, որ Գերմանիան Ռուսաստանի հետ պատերազմելու ճամփա է բռնում։
Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ չէին երկարաձգել Ֆեոկտիստովի կացության իրավունքը` նշելով, որ նա պետք է լքի երկիրը մինչև օգոստոսի 19-ը, հակառակ դեպքում դա կիրականացվի հարկադիր կարգով: