Թել Ավիվը հին Patriot համալիրներ է փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին. դեսպան

Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք 90-ականների սկզբին Իսրայելի սպառազինության մեջ էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Թել Ավիվը Ուկրաինային է փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրները, որոնք ավելի վաղ ստացել էր ԱՄՆ-ից և օգտագործում էր 1990-ականների սկզբից: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Կիևում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին։
«Patriot համակարգերը, որոնք մենք ժամանակին ստացել ենք Միացյալ Նահանգներից, այժմ Ուկրաինայում են։ Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք Իսրայելի սպառազինության մեջ են եղել 90-ականների սկզբին։ Մենք համաձայնեցինք դրանք փոխանցել Ուկրաինային։ Եվ այդ մասին, ցավոք, շատ չեն խոսել։ Բայց երբ ասում են, որ Իսրայելը ռազմական առումով չի օգնել` այդպես չէ։ Դա ճիշտ չէ»,-ասել է Բրոդսկին ուկրաինացի լրագրող Մարիչկա Դովբենկոյին տված հարցազրույցում։
Բրոդսկին 2024 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ Իսրայելում խոսակցություններ են եղել հնացած Patriot ՀՕՊ-ները դուրս գրելու և դրանք Ուկրաինային հանձնելու մասին, սակայն այդ պահին վերջնական որոշում չկար։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խանգարում է հակամարտության կարգավորմանը, դրանում ուղղակիորեն ներգրավում է ՆԱՏՕ-ի երկրներին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։