ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայ ռեժիսոր Արտակ Հարությունյանի «Սիլվենը Թեղուտից» կարճամետրաժ ժապավենը ցուցադրվել է «Եվրասիա-Կինոֆեստ» 2-րդ միջազգային փառատոնում:
Այն դարձել է փառատոնի մրցութային «Վավերագրական կինո» բաժնում ընդգրկված երեք ժապավեններից մեկը։
14 րոպեանոց ֆիլմի հիմքում աֆրիկացի ֆուտբոլիստի իրական պատմությունն է, ով տեղափոխվել է Հայաստանի Թեղուտ գյուղ և օգնել տեղի մանկական թիմին՝ նոր մակարդակ ձեռք բերել:
Ռեժիսորի խոսքով՝ փառատոնը հնարավորություն է տվել հասկանալու, որ կան թեմաներ, որոնք ընդհանուր են շատ երկրների և ժողովուրդների համար: Հետևաբար, շատ ֆիլմեր հանդիսատեսին հասկանալի են առանց թարգմանության։
««Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնին մասնակցում են հիմնականում հետխորհրդային երկրները, որոնց մեծ մասը, չնայած լեզվի, մշակույթի և կրոնի տարբերություններին, նույն խնդիրներն ունեն»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ փառատոնը ոչ միայն սեփական կինոն ներկայացնելու հնարավորություն է, այլև գաղափարների փոխանակման հզոր հարթակ:
Եվս մեկ հայկական ֆիլմ կցուցադրվի հունիսի 11-ին. հանդիսատեսի դատին կներկայացվի ռեժիսոր Գագիկ Մադոյանի «Հեռացնել» կարճամետրաժ ֆիլմը:
Հիշեցնենք, որ Սոչիում հունիսի 6-ին մեկնարկել է «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը, որը կշարունակվի մինչև հունիսի 13-ը: Փառատոնի ծրագրում ընդգրկված են վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր 25 երկրներից, այդ թվում ԲՐԻԿՍ պետություններից՝ Հնդկաստանից, Չինաստանից, Բրազիլիայից, ինչպես նաև Ֆրանսիայից, Իսպանիայից և Հարավային Աֆրիկայի մի շարք երկրներից: Ընդհանուր առմամբ ներկայացված է 53 կինոնկար՝ ինչպես լիամետրաժ, այնպես էլ կարճամետրաժ: Փառատոնի նպատակն է արվեստի միջոցով ձևավորել ընդհանուր եվրասիական կինոարտադրություն, ամրապնդել մշակութային կապերը և առաջ մղել ավանդական արժեքները: