ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զարգացման ռազմավարությունը մինչև 2050 թվականը, նման փաստաթուղթ ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է ընդունվել։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով՝ ՌԴ ՌԾՆ–ի զարգացման ռազմավարության մեջ գնահատական է տրվել դրա հնարավորություններին՝ հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության փորձը։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ անհնար է զարգացնել հզոր և ժամանակակից նավատորմ՝ առանց Համաշխարհային օվկիանոսում իրավիճակի զարգացման սցենարների երկարաժամկետ տեսլականի, մարտահրավերների և սպառնալիքների էվոլյուցիայի, ինչպես նաև ՌԴ ՌԾՆ–ի առջև ծառացած նպատակների և խնդիրների սահմանման։
«Այդ իսկ պատճառով ռազմավարությունը պարունակում է աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման, զինված հակամարտությունների հնարավոր առաջացման և բնույթի, ինչպես նաև առաջատար ռազմածովային տերությունների ներուժի վերլուծություն: Գնահատական է տրվել ՌԾՆ–ի ներկայիս վիճակին և կարողություններին՝ հաշվի առնելով ռազմական հատուկ գործողության փորձը: Ձևակերպվել են նավատորմի ապագա մարտական կազմի հիմնական պահանջները, խաղաղ և պատերազմական ժամանակներում դրա հիմնական խնդիրները, ինչպես նաև ՌԾՆ–ի հեռանկարային տեսքի ձևավորմանն ուղղված մեխանիզմները», – ասել է Պատրուշևը։
Նա ընդգծել է, որ կարևոր երկարաժամկետ փաստաթուղթ է ընդունվել, որում պատասխան է տրվել է այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի ռազմածովային հզորությունը, որպեսզի երկիրը կարողանա արդյունավետ պաշտպանել իր շահերը Համաշխարհային օվկիանոսում։