ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ուկրաինական կողմը 2022 թվականի ապրիլին հայտարարել էր Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման անհնարինության մասին՝ պատճառ բերելով արևմտյան գործընկերների դիրքորոշումը։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական և Ռուսաստանի բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ (այն ժամանակվա- խմբ․) Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո Կիևը հայտնել էր, որ «օտարերկրյա գործընկերները դեմ են համաձայնագրի ստորագրմանը», որն ավելի վաղ արդեն համաձայնեցված էր բանակցային խմբերի մակարդակով:
«Մեզ ասացին, որ օտարերկրյա գործընկերները կողմ չեն պայմանագրի կնքմանը։ Եվ եթե մենք ստորագրենք այն, նրանք մեց օգնություն ու անվտանգություն չեն երաշխավորի։ Այդ պատճառով «մենք կկռվենք ձեզ հետ այնքան ժամանակ, մինչև կողմերից մեկը հաղթի»,-մեջբերել է Մեդինսկին ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների խոսքը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները մեկնարկել էին հատուկ ռազմական գործողության սկզբում՝ նախ Բելառուսում, այնուհետև 2022 թվականի մարտի վերջին շարունակվել էին Ստամբուլում։ Այդ ժամանակ պատվիրակությունները նախաստորագրել էին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում էր, մասնավորապես, Ուկրաինայի չեզոք և արտադաշինքային կարգավիճակ, ինչպես նաև նրա տարածքում օտարերկրյա ռազմական կոնտինգենտների և սպառազինությունների (այդ թվում՝ միջուկային) տեղակայումից հրաժարում:
Սակայն բանակցային գործընթացն ընդհատվել էր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Ավելի ուշ ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան խոստովանել էր, որ այդ որոշումն ընդունվել է Բորիս Ջոնսոնի առաջարկով, որն այդ ժամանակ հատուկ ժամանել էր Կիև: