Կառավարությունը Wizz Air-ին չի վճարել Հայաստան ուղևորությունները գովազդելու համար. Պապոյան

Կառավարությունը ավիաընկերության հետ պայմանավորվել է գովազդի մասին՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Wizz Air-ի տեղակայվելու դիմաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Կառավարությունը Wizz Air-ին չի վճարել դեպի Հայաստան ուղևորությունները գովազդելու համար։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարին հարց ուղղեց, թե ինչի դիմաց է ավիաընկերությունն իր ամսագրի մայիսյան համարի առաջին էջում Հայաստանի մասին հոդված տեղադրել:
Պապոյանը նշեց, որ կառավարությունը Wizz Air-ի հետ պայմանավորվել է գովազդի մասին՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության տեղակայվելու և արտոնություններ ստանալու դիմաց:
«Մեր պայմաններն այսպիսին են՝ եթե մենք ձեզ աջակցություն ենք ցուցաբերում, ապա դուք պետք է որոշակի թվով զբոսաշրջիկներ բերեք, մեզ համար գովազդեք, Հայաստանում հաստատվեք և Գյումրիից գոնե մեկ չվերթ կատարեք», - նշեց Պապոյանը:
Հիշեցնենք, որ ապրիլին ՀՀ կառավարությունը որոշել էր ավիափոխադրողներին փոխհատուցում վճարել նոր ուղղություններով Հայաստան ժամանող երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար՝ 15 հազար դրամ (մոտ 38 դոլար)՝ «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու և 20 հազար դրամ (մոտ 50 դոլար)՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելու դիմաց։ Օգնությունը կտրամադրվի երկու տարվա ընթացքում։ Սուբսիդիաներ կտրամադրվեն այն ավիաընկերություններին, որոնք տեղակայված են Հայաստանի օդանավակայաններում։