ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում գնդակոծել է պաղեստինցի արմատականների տասնյակ օբյեկտներ: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Անցած օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ռազմական կառույցների, ահաբեկիչների, արձակման կայանքների, թունելների, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից՝ սպառնալիք ներկայացնելով այդտեղի (իսրայելական) զորքերի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածի ուղղությամբ վերսկսել է հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագրից հրաժարվելու պատճառով:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: