«Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է` պատրաստ է աջակցել վարչապետի իմպիչմենտին

Պատգամավորները պատրաստ են «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցությունը վերահաստատում է պատրաստակամությունը՝ աջակցելու վարչապետի իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Վարդանյանի խոսքով՝ պատրաստ են հարցի շուրջ հավելյալ քննարկումներ ունենալ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հունիսի 7–ին հաղորդագրություն տարածեց, որ խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու էին առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: