ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և գործարար, SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկի վեճից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և NASA-ն իրենց տիեզերական ծրագրերն իրականացնելու համար SpaceX-ին այլընտրանք են փնտրում, հաղորդում է The Washington Post-ը:
Նշվում է, որ Մասկի ընկերությունը բազմամիլիարդանոց պետական պայմանագրեր է կնքել և ԱՄՆ տիեզերական շուկայում համարվում է մենաշնորհ ունեցող:
Այս կապակցությամբ NASA-ի ներկայացուցիչները անհանգստացած են Մասկի՝ Dragon տիեզերանավի թռիչքները դադարեցնելու վերջին սպառնալիքներից։ Այդ քայլը տիեզերական գործակալությանը կզրկի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխելու հնարավորությունից:
Իսկ Պենտագոնի մտահոգությունը բացատրվում է նրանով, որ պաշտպանական գերատեսչությունը իր կարևորագույն արբանյակների արձակման հարցում զգալի չափով ապավինում է SpaceX-ին:
Թրամփի և Մասկի միջև տարաձայնությունը սկսվել է անցնող շաբաթ, այն բանից հետո, երբ գործարարը քննադատել է Սպիտակ տան կողմից աջակցվող հարկերի և ծախսերի կրճատման մասին օրինագիծը: Բանավեճը սոցիալական ցանցերում արագորեն ստացել է անձնական փոխադարձ հարձակումների տեսք և Միացյալ Նահանգների քաղաքական և գործարար շրջանակներում առաջացրել մեծ արձագանք: