Իսրայելը հարվածել է Գազայում հումանիտար օգնության բաշխման կետին. 11 մարդ զոհվել է

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Իսրայելցի զինվորականները Ռաֆահում հարվածել են պաղեստինցիներին, որոնք եկել էին հումանիտար օգնություն ստանալու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Իսրայելը հարվածել է Գազայի հարավում գտնվող հումանիտար օգնության բաշխման կետին։ Հարվածի հետևանքով 11 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ տուժել, հաղորդում է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը:
«Այսօր առավոտյան Ռաֆահում օգնության բաշխման կետի վրա իսրայելական օկուպացիոն ուժերի հարվածի հետևանքով 11 մարդ զոհվել է, 125-ը՝ տուժել», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածի ուղղությամբ վերսկսել է հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագրից հրաժարվելու պատճառով:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: