Նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Հակառուսական հայտարարություններով աչքի ընկած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օդանավակայանում անձամբ դիմավորեց Մատվիենկոյին, և արդեն հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում Սիմոնյանը հայտարարեց, թե համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։
Բացի այդ, Մատվիենկոն երեկ հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց, թե Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ չկա։ Փաշինյանն էլ Մատվիենկոյին վստահեցրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կառուցողական հարաբերություններ ունեն:
Մոտ 20 օր առաջ էլ պաշտոնական այցով Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո երկուստեք հնչեցին դրական ուղերձներ և հարաբերությունների ամրապնդման մասին հայտարարություններ։
«Լավրովի և Մատվիենկոյի այցերը կարող են նպաստել, որ հարաբերություններն ու հռետորաբանությունն ավելի կառուցողական հուն մտնեն»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, միաժամանակ հավելելով, որ դժվար է ասել` որքան կտևի հռետորաբանության մեղմացումը, քանի որ գործ ունենք խիստ անկանխատեսելի Նիկոլ Փաշինյանի հետ։