ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ «Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
«Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք՝ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությամբ է զբաղվում ավելի քան կես տարի։ Պաշտոնական տվյալներով` դասընթացներին մասնակցել է մոտ 6 հազար մարդ։ Սակայն մինչ օրս հանդիպումներից որևէ մեկի ամբողջական տեսագրությունը չի հրապարակվել, ընդ որում` ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ «արտահոսած»։ Սա հարցեր է առաջացրել հանդիպումների իրական բովանդակության վերաբերյալ։
«Կրթությունը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդիպումներ են անցկացնվում տարբեր ոլորտներ ներկայացնող անձանց հետ։ Հանդիպումներին երբեմն մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 13-ին ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց , որ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությունն օրեցօր խորացող կոռուպցիայի ձևերից մեկն է և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հորդորեց ստուգել նախաձեռնությունն ու դրա շուրջ տարվող գործունեությունը։