ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ Կանադայի վարչապետն իրեն հրավիրել է հյուրի կարգավիճակով մասնակցելու «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին:
«Ինձ զանգեց Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Նրան շնորհավորեցի վերջերս ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեցի Կանանասկիսում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հրավիրելու համար», - X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հնդկաստանի վարչապետը:
Նա նշել է, որ Հնդկաստանը և Կանադան համատեղ կաշխատեն նոր եռանդով՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքով և ընդհանուր շահերով:
«Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը», - գրել է Մոդին:
Հնդկաստանը «Մեծ յոթնյակի» անդամ չէ, սակայն վերջին տարիներին հյուրի կարգավիճակով պարբերաբար մասնակցում է G7–ի գագաթնաժողովին: Այդուհանդերձ, դիտորդների մեծ մասը կասկածներ ուներ, որ երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառով Հնդկաստանը կմասնակցի հունիսի 15-17-ը Կանադայում կայանալիք գագաթնաժողովին։
Հիշեցնենք` Հնդկաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունները կտրուկ վատացան սիկհ անջատողական Հարդիփ Սինգհ Նիջարայի սպանությունից հետո, որը տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին Կանադայում (Նիջարան կապված էր Հնդկաստանի Փենջաբ նահանգի տարածքում սիկհերի անկախ Հալիստան պետություն ստեղծելու շարժման հետ)։
Կանադայի այն ժամանակվա վարչապետ Ջասթին Թրյուդոն սպանության մասնակցության մեջ մեղադրեց Մոդիի կառավարությանը։ Հնդկաստանը կտրականապես հերքեց Թրյուդոյի մեղադրանքները։ Հաջորդած դիվանագիտական հակամարտության արդյունքում դեսպանները հետ կանչվեցին, իսկ մի շարք դիվանագետներ արտաքսվեցին։ Հնդկաստանը և Կանադան դեսպանների մակարդակով հարաբերություններ չունեն։