ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանում ռուսաց լեզվին հարգանքով են վերաբերվում։ Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա հիշեցրեց, որ իր այցը Հայաստան տեղի է ունենում Ռուսաց լեզվի միջազգային օրը (համընկնում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվա հետ)։
Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն, և չկա որևէ խտրականություն, արգելք կամ սահմանափակում։ Կան նաև բավականին մեծ թվով ռուսական դասարաններ, կա Պուշկինի անվան դպրոց և այլն։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը աջակցում է Երևանում ռուսական դեսպանատանը կից ռուսական դպրոցի կառուցմանը։
Նա ընդգծեց, որ այսօրվա հանդիպումների ժամանակ ՀՀ ԱԺ–ում քննարկվել է կրթության ոլորտում համագործակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը։ Դասագրքերի կազման մասով գործում է հատուկ աշխատանքային խումբ։ Հայաստանի իշխանություններն աջակցում են այս բոլոր գործընթացներին։
«Ես նկատել եմ, որ ակտիվորեն առաջ է մղվում ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության նախագիծը, որը ստեղծվել է Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ և աջակցություն է ստացել ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից: Վեց պետություն արդեն դարձել է այս կազմակերպության անդամ, Հայաստանը դեռևս չի վավերացրել համաձայնագիրը: Վարչապետը խոստացել է տալ հանձնարարականներ, քննարկել այս հարցը, խթանել դրան», - հավելեց նա։
Հայաստանը նաև նախատեսում է բացել «Սիրիուս» օժտված երեխաների կենտրոն` Սոչիի օրինակով: Հոկտեմբերին Ռուսաստանում կանցկացվեն հայկական մշակույթի մեծածավալ օրեր, և ռուսական կողմը նախատեսում է դրանք անցկացնել բարձր մակարդակով՝ արժանի ներկայացվածությամբ։
Մատվիենկոն հավելեց նաև, որ այցից շատ լավ տպավորություն է ստացել: Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ինքը նման զգացողություն չունի: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ հայկական կողմը ցույց է տվել իր հետաքրքրությունն անվտանգության հարցերով բազմակողմանի համագործակցության և փոխգործակցության զարգացման ընդլայնման հարցում: Այս փուլում կարևոր է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները: