Հայաստանն ու Ռուսաստանը չիրացված ներուժ ունեն. Վոլվաչը` միջմարզային նախագծերի մասին

ՌԴ փոխնախարարը հայկական բիզնեսին կոչ է անում մասնակցել ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական համագործակցության նախագծերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը չիրացված ներուժ ունեն երկու երկրների մարզերի միջև տնտեսական նախագծերի իրականացման առումով։ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչն այս հայտարարությունն արեց Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 60%-ով և գրեթե հասել 12 մլրդ դոլարի։ Նրա խոսքով` 5 տարի առաջ ոչ ոք նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել նման ծավալներ, մինչդեռ երկու երկրներին հաջողվել է վերջին տարիների մարտահրավերները հնարավորությունների վերածել։
«Սա նշանակում է, որ մենք մեր երկկողմ տնտեսական կապերի հաշվին, աշխատելով ինտեգրացիոն ձևաչափերում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, օգտագործելով փոփոխությունները, իսկ դրանք անընդհատ են տեղի ունենում, դիտարկում ենք դրանք ոչ միայն որպես մարտահրավեր, այլև որպես հնարավորություն: Ինձ թվում է` սա շատ լավ օրինակ է, որը մեզ հիմք է տալիս հպարտանալու մեր համատեղ աշխատանքով: Անկասկած, մենք հասկանում ենք, որ մեր տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանային փոխգործակցության ներուժը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ», – ասաց Վոլվաչը:
Վոլվաչն ընդգծեց` Հայաստանի և Ռուսաստանի առանձին մարզերի ընկերությունների միջև նախագծերը պետք է դիտարկել որպես կարևոր ռեսուրս երկկողմ առևտրի և ներդրումների զարգացման համար:
«Ռուսաստանում հայ ներդրողներն աջակցության լայն գործիքակազմ ունեն: Պետք չէ մոռանալ նաև ԵԱՏՄ համագործակցային նախագծերի մասին»,– ասաց նա։
Վոլվաչը հիշեցրեց, որ նման նախագծերը աջակցություն են ստանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, եթե դրանց մասնակցում են Միության առնվազն երեք երկրների ընկերություններ: Նա նշեց` Հայաստանից դեռևս ֆինանսավորման հայտեր չկան, և հայկական բիզնեսին կոչ արեց օգտվել նաև այս հնարավորությունից:
Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը նախատեսվածից երկար է տևել