ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը կալանավորել է բլոգեր Արեգ Շչեպիխինին ատելության խոսքի և ծայրահեղականության կոչերի գործով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է ներկայացուցչական հետաքննության մարմինների միջնորդությունը Շչեպիխին Արեգ Սամվելովիչի նկատմամբ 2 ամիս ժամկետով խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մեղադրվում է ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածի 2-րդ մասով, 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար»,-ասել են դատարանում:
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ից հայտնել էին, որ Շչեպիխինի դեմ գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածի 2-րդ մասով (համացանցում ծայրահեղականության կոչեր) և ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (բռնության սպառնալիքով թշնամանք հրահրելը): Առաջին հոդվածի պատժաչափը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով, երկրորդինը՝ մինչև 6 տարի ժամկետով։
Հունիսի 3-ի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հայտնվել էր Յարոսլավլի կայարանում բլոգեր Արեգ Շչեպիխինի ձերբակալության տեսանյութը: Քաղաքացիական հագուստով անձինք տղամարդուն մտցրել էին լուսային ազդանշանով և АМР-համարներով Mercedes-ի բեռնախցիկը։ Հաջորդ օրը Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը հայտնել էր, որ Մոսկվայում տղամարդուն չեն առևանգել, նրան ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք համագործակցում են մայրաքաղաքի համապատասխան գերատեսչությունների հետ: Նրա նկատմամբ Չեչնիայի ՆԳՆ-ն ստուգում է անցկացնում հավատացյալների կրոնական զգացմունքները հրապարակայնորեն վիրավորելու փաստով։
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել էր, որ հունիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի ոստիկանները ձերբակալել են Յարոսլավլի կայարանում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների վեց մասնակցի։ Այնուհետև քրեական գործ է հարուցվել անձի առևանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի առթիվ։ Բլոգերի նկատմամբ, որը «սոցիալական ցանցերում տեսանյութեր է տեղադրել Չեչնիայի հանրապետության բնակիչների հասցեին սադրիչ հայտարարություններով», ստուգում է կազմակերպվել: