Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ խոսել է Ադրբեջանում գտնվող գերիների մասին

Ալեն Սիմոնյանի և Վալենտինա Մատվինեկոյի հանդիպումը
Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական ու մշակութային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց հարցը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա:
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը:
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն շրջել են ԱԺ շենքում ու մասնակցել «Ճանապարհ դեպի Սանահին: Մեկ մանկատան պատմություն» խորագրով ցուցահանդեսին, որի նյութերը տրամադրվել են Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի և «Լենինգրադի պաշտպանության ու շրջափակման պետական հուշահամալիր» թանգարանի կողմից:
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։
Այսօր Մատվիենկոն ծաղիկներ է խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը կմասնակցի Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին։
Հավելենք, որ սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան՝ որպես ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ։ Վերջին անգամ քաղաքական գործիչը Հայաստան էր այցելել 2015 թվականի նոյեմբերին։