ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Ուզբեկստանի գործընկերների կողմից հետաքրքրություն է նկատվում Տաշքենդում Հայաստանի դեսպանություն բացելու հարցում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԺ Եվրասիական ինտեգրման հարցերով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Հայաստան - Ուզբեկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Շիրակ Թորոսյանըհետաքրքրվել էր` որքանով է նպատակահարմար, որ Ուզբեկստանում Հայաստանի դեսպանի նստավայրը Երևանն է։ Թորոսյանի կարծիքով՝ այս հանգամանքը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը, ու նա հարց ուղղեց փոխնախարարին՝ արդյոք չի՞ դիտարկվում դեսպանատունը Տաշքենդ տեղափոխելու հարցը։
ԱԳ Փոխնախարար Մնացական Սաֆարյանն ի պատասխան նշեց՝ Հայաստանը շահագրգռված է Ուզբեկստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ծավալների մեծացմանը։ Ուզբեկստանի հետ կապված արդեն տեսանելի ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ»,–ասաց նա։
Նա հավելեց, որ այս դեպքում նպատակ կա ապահովել փոխադարձություն (նկատի ունի՝ Երևանում նույնպես ունենալ Ուզբեկստանի դեսպանություն։ Այս պահին այն գործում է Մոսկվայում)։
«Դժվար է ասել, թե երբ կգանք լուծմանն այս փուլում, բայց ուզբեկական կողմից նույնպես նկատել ենք ցանկություն։ Հուսով ենք` ինչ– որ պահի կհասնենք այդ լուծմանը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել Է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: Խորհրդի շրջանակներում Գրիգորյանը հանդիպել է նաև Ուզբեկստանի երկու փոխվարչապետների հետ: Քննարկվել է երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթեր բացելու հնարավորությունը: