ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի դրոնները գրոհել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը, որտեղ գտնվում է աշխարհում միակ ուսումնամարզական սարքավորումը: Այս մասին հայտնում է կայանի մամուլի ծառայությունը։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ բազմակի գրոհներ են ձեռնարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի եզակի սարքի վրա։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախը Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի «Գ» մասնաշենքի տանիքն էր, որտեղ գտնվում է աշխարհում ռեակտորային սրահի միակ լիածավալ վարժական սարքավորումը: Հարձակումների հետևանքով տուժածներ և կրիտիկական վնասվածքներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Վարժական կենտրոնի շենքը գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ի հարթակի անմիջական հարևանությամբ։ Այստեղ կայանի աշխատակիցները մշտական ռեժիմով անցնում են վերապատրաստման և որակավորման դասընթացներ, զարգացնում հմտությունները և խաղարկում արտակարգ իրավիճակների սցենարներ:
Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի գրոհի մասին վերջին անգամ հաղորդվել էր մայիսի 21-ին:
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի մոտ։ Այն ամենամեծն է Եվրոպայում բլոկների և տեղադրված հզորության քանակով. կայանում կա վեց էներգաբլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ի սեփականությանը։