Կոտայքի մարզում անասնապահը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին

Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ գործադրել է բռնություն, ինչի հետևանքով սպառնալիքների պայմաններում ամուսիններից մեկը դիմել է փախուստի:
Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից ու նշում, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Բացի անասնաֆերմայի աշխատանքներից, անասնապահն ամուսիններից մեկին պարտադրել է կատարել հավելյալ աշխատանքներ, ինչն ուղեկցվել է վերջինիս նկատմամբ պարբերաբար բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքներով:
Շուրջ 4 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների դիմաց հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն թրաֆիքինգի ենթարկելն ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող ամուսիններից մեկին վճարվել է 5000 դրամ:
Անասնապահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: