Չեչենների կողմից առևանգված բլոգեր Շչեպիխինի դեմ քրեական գործ է հարուցվել

Նախատեսվում է կասկածյալի խափանման միջոցը որոշելու նպատակով դատական նիստ հրավիրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել բլոգեր և բիզնես- թրեյներ Արեգ Շչեպիխինի նկատմամբ՝ ծայրահեղական գործունեության կոչերի և ատելության հրահրման (մարդկային արժանապատվության նվաստացման) հիմքով։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
Ինքը՝ Շչեպիխինը, հարցաքննվում է։ Առաջիկայում քննիչները դատարանին կներկայացնեն նրան կալանավորելու միջնորդություն։
Գերատեսչությունում նաև նշել են, որ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել վեց տղամարդու, ովքեր Մոսկվայի Յարոսլավլի կայարանում առևանգել են Շչեպիխինին։ Գործով կասկածվողների նկատմամբ ներկայում իրականացվում են քննչական միջոցառումներ, այդ թվում՝ առերեսումներ:
Հունիսի 4-ի երեկոյան սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Մոսկվայի Յարոսլավլի կայարանում տղամարդուն տեղավորում սև «Մերսեդեսի» բեռնախցիկ և տանում անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահմեդականներին վիրավորելու և էթնիկ զտումների կոչեր անելու համար չեչեն ուժայինները ձերբակալել են 39-ամյա բլոգեր և բիզնես-թրեյներ Արեգ Շչեպիխինին: Չեչնիայի ՆԳՆ-ն ստուգում է անցկացրել Շչեպիխինի՝ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով իրականացված հրապարակային գործողությունների փաստով: Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի և մամուլի նախարար Ահմեդ Դուդաևը հայտարարել է, որ Շչեպիխինը էթնիկ զտումների և նացիզմի բացահայտ, հրապարակային և բազմակի կոչ է արել, վիրավորել մահմեդական կրոնը:
Ինքը՝ Արեգ Շչեպիխինը, դեպքից հետո հայտարարել է չեչենների կողմից կոպիտ առևանգման մասին՝ նրանց անվանելով «ուսադիրներով ավազակներ»։ Նա ներկայացրել է իրադարձությունների սեփական վարկածը. իրեն մոտ մեկ տարի սոցցանցերում ահաբեկել են, նա ամեն ինչ հանդուրժել է, բայց չդիմանալով՝ «չեչեններին և մահմեդականներին ուղարկել է գրողի ծոցը, և ահա նրանք արձագանքել են դրան»: