ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրները կարող են միանալ ԵԱՏՄ-ում ստեղծված միասնական մաքսային տարանցիկ համակարգին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ամրապնդման նպատակով միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր է ընդունվել։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս միանալ փոխադրումներին միության տարածքով, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել անդրսահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը», – ասել է Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ նման մեխանիզմի։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցիկ միասնական համակարգի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Լենինգրադի մարզում (ՌԴ) կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Նպատակն է ապահովել անխափան, այսինքն՝ շուկայի բոլոր մասնակիցների համար առավել հարմար լոգիստիկա՝ տարածքների կապակցվածությունը մեծացնելու և բեռների առաքման համար բիզնեսի վերադիր ծախսերը կրճատելու միջոցով։