ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից միանգամից հինգ ֆուտբոլիստ է հեռացել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրանք են` դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Թեմուր Ջիկիան։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և մեր ակումբի գույները պաշտպանելու համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում», - գրված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մի քանի ամիս է՝ «Փյունիկ» ակումբը նոր սեփականատեր ունի։ Նա Իսպանիայի քաղաքացի Անտոն Ֆարբերն է, ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է:
Իսկ Արթուր Սողոմոնյանը, որը 30 տարի եղել է ակումբի սեփականատեր, մնացել է ակումբում որպես խորհրդական։ Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Սողոմոնյանը որոշել է վաճառել ակումբը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ հակասություններ ունենալու պատճառով։