Երևանում ավտոբուսների համար առանձնացված գիծը կշարունակվի մինչև Իսակովի պողոտա

Հասարակական տրանսպորտը կշարունակի առավելություն ունենալ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ Երևանում հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գիծը, որը ներդրված է մինչև Մաշտոցի պողոտա, կունենա շարունակություն դեպի Իսակովի պողոտա։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Ի՞նչ է պետք անել երևանյան խցանումներից խուսափելու համար. Բագրատյանը լուծում է առաջարկում

«Մաշտոցի պողոտայից ավտոբուսային գիծը շարունակվելու է դեպի Խորենացի փողոց, շարունակվելու է Իտալիա և Բեյրութ փողոցներով, ապա Արգիշտիի փողոցով դեպի Հաղթանակի կամուրջ։ Այս գծի ներդրման մասով իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ նշված փողոցներում։ Որպես այս ամենի շարունակություն` լինելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում, նախատեսվում է կազմակերպել միակողմանի երթևեկություն Լեոյի փողոցից դեպի Բաղրամյան պողոտա, ինչպես նաև Թումանյան փողոցից Մոսկովյան փողոցի հատվածով մինչև Բաղրամյան պողոտա։ Դա նույնպես ներդրվելու է որպես միակողմանի երթևեկություն»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` փոփոխություններ կիրականացվեն նաև Խորենացի փողոցում` ավտոբուսային գծի ներդրման հատվածում կկիրառվի կայանման արգելք։
Հարությունյանը նշեց` ակնկալվում է աշխատանքները սկսել այս ամիս և ավարտին հասցնել 1 ամիս հետո։
Ասում էիք՝ թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք, չեք բերում, դե էժանացրեք. Մարության