Արեգ Շչեպիխինը ներկայացրել է Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի իր վարկածը. գործը ՔԿ-ում է

Շչեպիխինը ցույց է տվել դեմքի այտուցները, աչքի տակի կապտուկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մոսկվայի Յարոսլավսկի կայարանից բռնի ուժով անհայտ ուղղությամբ տարված Արեգ Շչեպիխինի գործով ձերբակալվել է վեց մարդ, նյութերը փոխանցվել են քննչական մարմիններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
Հունիսի 3-ի երեկոյան սոցցանցերում տեսանյութ հայտնվեց, որում երևում է, թե ինչպես են մի տղամարդու խցկում «Մերսեդես» ավտոմեքենայի բեռնախցիկը և տանում Մոսկվայի Յարոսլավսկի կայարանից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը 39-ամյա Արեգ Շչեպիխինն է, որը ներկայանում է որպես գործարար։
«Հունիսի 3-ի երեկոյան մայրաքաղաքի ոստիկանները ձերբակալել են Յարոսլավսկի կայարանում տեղի ունեցած իրադարձությունների վեց մասնակցի։ Նրանք տեղափոխվել են ՆԳՆ Մոսկվա-Յարոսլավսկի կայարանի գծային վարչություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինքը՝ Արեգ Շչեպիխինն արդեն ազատության մեջ է և հայտարարել է, որ չեչեններն են իրեն առւևանգել։ Շչեպիխինը նրանց «ուսադիրներով ավազակներ» է անվանել։ Նա ասել է, որ նույնիսկ եթե դա ԱԴԾ չեչենական կառույցն է՝ միևնույնն է, նրանք իրավունք չունեն գործել Մոսկվայի տարածքում և մարզում:
«Ինձ, կոպիտ ասած, առևանգել են, քաղաքից դուրս տարել։ Չեն խոշտանգել, ավելի շուտ հարցաքննել են։ Ինձ դուր չեկավ, որ ուզում էին իմանալ կնոջս, ծնողներիս հասցեները», - ասել է նա «Baza» տելեգրամյան ալիքին տված հարցազրույցում։
Շչեպիխինը ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը` իրեն մոտ մեկ տարի սոցցանցերում ահաբեկել են, ինքը տևական ժամանակ հանդուրժել է, հետո չի դիմացել ու «չեչեններին էլ է ուղարկել գրողի ծոցը, մահմեդականներին էլ… և ահա նրանք արձագանքել են դրան»:
«Baza»-ի տվյալներով՝ տղամարդուն ստիպել են ներողություն խնդրել չեչենների և մահմեդականների հասցեին ավելի վաղ հրապարակած վիրավորական տեսանյութերի համար: