2024թ–ին 17 ոստիկան ազատվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքով․ ՆԳ նախարար

Սարգսյանն առաջարկում է տարեկան մեկ անգամ պարտադիր թեստավորում սահմանել համակարգի աշխատակիցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik․ 2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
2024–ին ոստիկանության 4 063 ծառայողներից 1031–ն են հաղթահարել ատեստավորման փուլը
Նրա խոսքով՝ 2024թ․ տվյալներով՝ 17 ոստիկան ազատվել է աշխատանքից նույն հիմքով։
Նախարարն առաջարկել է օրինագիծ մշակել, ըստ որի՝ տարեկան մեկ անգամ ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանցնեն պարտադիր թեստավորում, իսկ վերադասի կասկածի դեպքում` հավելյալ անգամ (նախարարի հանձնարարականով)։
«Ես առաջիկայում Ազգային ժողով եմ բերելու ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որտեղ իմ մատնանշած այս սկզբունքը կա՝ տարվա կտրվածքով մեկ անգամ պարտադիր, և ցանկացած պահի, եթե ղեկավարը գտնում է, որ կա կասկած, որ իր աշխատակիցն օգտագործում է թմրամիջոց»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ պատեհ պահն է նաև քննարկելու առհասարակ ուժային, իրավապահ, հանրային տարբեր ծառայություններում ստուգողական միջոցառումներ անցկացնելու հարցը։
2024թ–ին քրեական վարույթ է հարուցվել ոստիկանության 45 ծառայողի նկատմամբ. նախարար