ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հատկացրած միջոցները հափշտակելու գործով 7 անձ մեղադրյալի աթոռին է

Գործով 12 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունները ուղարկվել են դատախազություն, դրանք շուտով դատարանում կլինեն։ Այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արտյոմ Ղազարյանը։
Գործը վերաբերում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հատկացրած միջոցներից ավելի քան 152 մլն դրամ հափշտակվելուն։ Պարզվում է, որ այդ գումարով ֆեդերացիան պետք է Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցեր,այնինչ նրանք ներկայացնելով կեղծ փաստաթղթեր՝ հափշտակել են այդ գումարը։
Նշենք, որ գործով 12 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նշվում է, որ այս պահին 11–ի գործը դատարանում է, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չբացակայելու արգելքը։ Ռուբեն Հայրապետյանի մասը դեռ քննվում է, խափանման միջոց է ընտրված կալանքը։ Հայրապետյանը մեղադրվում է խարդախության ու փողերի լվացման մեջ։