Մասկը կոչ է արել զրկել ՄԱԿ-ին ֆինանսավորումից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր «ՄԱԿ-80» նախաձեռնության մեկնարկի մասին, որն աշխատանքի աուդիտ է ենթադրում ծախսերի օպտիմալացման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը։
Այսպես է նա մեկնաբանել X սոցցանցում տեղադրված տեսանյութը, որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասում է, որ թվային հարթակները հաճախ օգտագործվում են մարդկանց մոլորեցնելու և նրանց միջև թշնամանք սերմանելու համար, ինչին կազմակերպությունը պետք է արձագանքի։
Տեսանյութն իր էջում տեղադրած օգտատերը գրել է, որ ՄԱԿ-ը, իբր, «պատերազմ է հայտարարել խոսքի ազատությանը»։
«Զրկեք ՄԱԿ-ին ֆինանսավորումից», – գրել է Մասկը X սոցցանցում։
Մարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց «ՄԱԿ-80» նախաձեռնության մեկնարկի մասին, որ աշխատանքի աուդիտ է ենթադրում ծախսերի օպտիմալացման համար։ Բարեփոխումները տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի բյուջե կատարվող մուծումների կրճատման և մարդասիրական նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ ներկայիս ամերիկյան վարչակազմի դիրքորոշման ֆոնին։