ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները:
Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի նախկին թեկնածու Անահիտ Խալաթյանին և քաղաքի բնակիչ Կիմա Հայրապետյանին:
Դատարանը Խալաթյանի համար պահպանեց վարչական հսկողությունը, բայց փոփոխեց պայմանները` նա պարտավոր է շաբաթը մեկ անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայության տարածքային բաժանմունք և զերծ մնալ մյուս մեղադրյալի ու վկաների հետ շփումներից: Էլեկտրոնային սարքի պարտադիր կրումը չեղարկվեց։
«Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի պայմանները կարող են պահպանվել նաև առանց էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործման»,-հայտարարեց դատավոր Սարգիս Դադոյանը:
Նույնատիպ որոշում կայացվեց նաև Կիմա Հայրապետյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Խալաթյանն ու Հայրապետյանը ձերբակալվել էին Գյումրու ավագանու ընտրությունների նախաշեմին։
Նույն գործով են անցնում քաղաքապետի նախկին թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ազգականները՝ հայր և որդի: Նրանց մեղադրում են ընտրողներին կաշառելու փորձի համար։