ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան Ստամբուլում կայանալիք բանակցությունների ընթացքում լուրջ կվերաբերվի Մոսկվայի առաջարկներին և հնարավոր հրադադարի պայմաններին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում կարգավորման վերաբերյալ հուշագիր ներկայացնել ուկրաինական կողմին:
«Նախագահ Պուտինը խոսել է այն մասին, որ այս փուլի ընթացքում ռուսական կողմը իր հուշագիրն առաջարկի, որում կարտացոլվեն նաև հնարավոր զինադադարի պայմանների հետ կապված հարցերը»,-ասել է Ռուդենկոն Պեկինում կայացած «Ռուսաստան և Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» համաժողովի շրջանակներում:
Նա նշել է, որ այդ փաստաթղթում ոչ միայն այդ հարցերն են ներառվելու, ամեն դեպքում, դա հիմք կհանդիսանա բանակցությունների համար։
«Եվ մենք հույս ունենք, որ ուկրաինական կողմը դրան լուրջ կվերաբերվի»,-ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է: Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել մայիսի 15-ին, սակայն երկու երկրների ներկայացուցիչների միջև շփում չկայացավ: Հանդիպումը տեղի ունեցավ հաջորդ օրը և տևեց գրեթե երկու ժամ: ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, հայտարարել է, որ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են ներկայացնել հնարավոր ապագա հրադադարի իրենց տեսլականը: Մեդինսկին նաև հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: