ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցությունների շրջանակում առանձին շփումներ կունենա: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում կկայանա բանակցությունների երկրորդ փուլը: Հանդիպումը տեղի կունենա այսօր Չիրագան պալատում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 13:00-ին: Թուրքիայի ԱԳՆ-ից աղբյուրի տվյալներով՝ դրանց մասնակցում են նաև Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը և հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Պատվիրակությունը Թուրքիա է ժամանել երեկ երեկոյան։
Ռուսական կողմը կարող է հայտարարությամբ հանդես գալ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
«Ենթադրաբար՝ բանակցություններից հետո»,-հայտնել է գործակալության իրազեկ աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարություն անեն Ստամբուլում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է կարգավորման վերաբերյալ հուշագիր ներկայացնել Ուկրաինային: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել էր, որ Մոսկվան առաջարկում է փաստաթղթեր փոխանակել, որոնք արտացոլում են բանակցային գործընթացի վերաբերյալ երկու կողմերի մոտեցումները։
Առանց նախապայմանների երկխոսությունը վերսկսելու առաջարկը հնչեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ին: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին և տևել է մոտ երկու ժամ: Մեդինսկու խոսքով՝ կողմերը հրադադարի վերաբերյալ դիրքորոշումներ են փոխանակել և բանակցությունները շարունակելու պատրաստակամություն հայտնել: