Լոռու մարզպետը հրաժարվում է պաշտոնից

Արամ Ղազարյանը նշել է, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արամ Ղազարյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։
«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»–գրել է Ղազարյանը։
Արամ Ղազարյանը հատուկ երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետին վստահության և «այն մեծ պատվի համար, որ հնարավորություն է տվել իրեն ծառայելու իր հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ»։
Արդեն նախկին մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու մարզի բնակիչներին, մարզպետի աշխատակազմին և համայնքապետներին, գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին։
Ղազարյանն անհատական շնորհակալություն է հայտնել գործադիր և օրենսդիր իշխանության գործընկերներին ու իր կուսակից ընկերներին` միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արամ Ղազարյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում։

Հիշեցնենք` Ղազարյանը ՀՀ Լոռու մարզպետ էր նշանակվել 2024 թվականի հունվարի 18–ին։