ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել է, որ XChat մեսենջեր կգործարկի բիթքոինի ոճով (Bitcoin style encryption) գաղտնագրմամբ:
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ հավելվածը կունենա ինքնաոչնչացվող հաղորդագրություններ և ցանկացած տեսակի ֆայլ ուղարկելու հնարավորություն, այդ թվում` աուդիո/տեսազանգերով։ Գրանցման համար հեռախոսահամար չի պահանջվում:
Մասկի գրառումը շփոթություն է առաջացրել, քանի որ X-ի ղեկավարը հայտարարել է, որ նոր ծառայությունը գրված է ծրագրավորման Rust լեզվով՝ «բիթքոինի ոճով գաղտնագրմամբ» և «բոլորովին նոր ճարտարապետությամբ»: Նրա գրառմանը հաջորդել են բիքթոին մշակողների և կրիպտոփորձագետների թերահավատ մեկնաբանությունները։
«Նույնիսկ բիթքոինը գաղտնագրում չի օգտագործում», - գրել է Bitcoin Core-ի մշակող և OCEAN-ի տեխնիկական տնօրեն Լյուկ Դեշիերը՝ ի պատասխան Մասկի գրառման: JAN3-ի և Pixelmatic-ի գլխավոր տնօրեն Սամսոն Մոուն համաձայնել է այս կարծիքին, նույնպես նշելով, որ բիթքոինը գաղտնագրված չէ: